Arevik Chaparyan
4 min readMar 16, 2021

11 կարևոր բաղադրիչ տպավորիչ COPYWRITING ունենալու համար

Այն մասին, թե ինչպիսին պետք է լինի իդեալական քոփիրայթինգը, բազմիցս խոսվել է տարբեր մասնագետների կողմից: Առաջարկվող տարբերակներից որոշները կարելի է համարել աշխատող տարբերակ, մյուսները՝ ոչ միշտ: Այս նյութում, սակայն, կփորձեմ ներկայացնել այն կարևոր բաղադրիչները, որոնց իրականում նախապատվություն են տալիս շատ պրոֆեսիոնալներ իրենց աշխատանքային գործունեության ընթացքում:

  1. Ապրումակցում

Տպավորիչ կարելի է համարել այն տեքստը, որը ստիպում է ընթերցողին մտածել, որ դուք հասկանում եք իրեն, մտնում եք իր դրության մեջ: Եվ քանի որ մենք միգուցե երբեք էլ իրականում չհայտնվեք մեր լսարանի կաշվի մեջ, ապա պետք է գոնե կարողանանք հրաշալի կերպով ստեղծել այդ տպավորությունը: Իսկ դրա համար պետք է ճանաչել սեփական լսարանն ու դրա պահանջմուքները:

2. Հետաքրքրաշարժություն

Սա այն պահն է, երբ ճիշտ կառուցած տեքստի միջոցով ընթերցողիդ աստիճանաբար հասցնում ես հետաքրքրասիրության գագաթնակետին: Այս նույն սկզբունքով են աշխատում նաև սցենարիստները, ովքեր ստիպում են մի քանի անգամ նայել միևնույն ֆիլմը, «հենց այդ պահը» որսալու համար: Ինֆորմացիայի մի փոքրիկ հատված թողնում ենք չբացահայտված և ստիպում ընթերցողին շարունակել կարդալ՝ ավելին ստանալու համար: Եվ վերջում, երբ նրանք այլևս ի վիճակի չեն դա հանդուրժել, կանխում ենք նրանց «պայթունը» այն տեղեկատվությամբ, որին նրանք այդքան երկար սպասում էին:

3. Էմոցիաների արթնացում

Հրաշալի կարելի է համարել այն copywriting-ը, որն ընթերցողների մոտ որոշակի էմոցիաներ է արթնացնում։ Ոչ այնպիսիք, որոնք կեղեքում են հոգին, ստիպուն են արտասվել, տառապել, այլ այնպիսիք, որոնք հուզում են և որոշակի գործողությունների են դրդում նրանց։ Լավագույն էմոցիոնալ տրիգերներ կարելի է համարել վախը, վստհությունը, պատկանելիությունը և մրցակցությունը։ Եթե մենք կարողանանք փոխանցել այս էմոցիոնալ տրիգերներից որևէ մեկը և կարողնանք դրդել մեր ընթերցողներին գործողության, դա արդեն ինչ որ բան արժե։

4․ Անվճար օգտակարություն

Լավ քոփիրայթինգը ընթերցողներին արժեք է տալիս։ Մարդիկ ավելի հակված են մեզ ինչ-որ բան տալու, երբ մենք ինքներս նրանց անվճար ինչ-որ բան ենք տալիս։ Տանք նրանց կոնտենտ, որը կսովորեցնի կամ կտեղեկացնի և նրանք ավելի պատրաստակամ կլինեն տրամադրել մեզ իրենց էլ․ հասցեն կամ որոշակի համագործակցության հնարավորություն՝ ի պատասխան։

5․ Հստակ և որոշակի նպատակ

Խառնիխուռն քոփիրայթինգը նման է ոլորապտույտ ճանապարներով ընթացող ճանապարհորդության, որը հստակ վերջնակետ չունի: Մինչ գրել սկսելը պետք է հստակ սահմանել դրա նպատակը և գրել՝ մտքում պահելով հենց այդ նպատակը։ Հուշենք մեր ընթերցողին այդ ճամփորդության ընթացքում, թե ուր ենք նրանց առաջնորդում և ինչպես ենք պատրաստվում հասնել այնտեղ։ Նրանք պետք է կարդան վերջին նախադասությունն ու մտածեն «Ահա՜ թե ինչ նկատի ուներ»։

6. Գրագետ, առանց վրիպակների տեքստ

Երբ մենք կարդում ենք ինչ-որ մի գրառում՝ ուղղագրական ու կետադրական բազմաթիվ սխալներով ու վրիպակներով, շատ դժվար է տվյալ գրառումն անողին լուրջ ընկալել, եթե նույնիսկ տեքստի բովանդակությունը լավն է։ Սովորաբար միշտ ավելի դժվար է նկատել սեփական տեքստի վրիպակները, քան մեկ ուրիշինը, այնպես որ, եթե կարիք կա, կարելի է նաև լրացուցիչ աչքեր ներգրավել հնարավոր վրիպակներից խուսափելու համար։

7․ Պարզություն

Պարզ գրելաոճը միշտ ավելի ընթեռնելի է։ Պետք է հնարավորինս բացառել ժարգոնն ու խիստ սպեցիֆիկ բառապաշարը, որպեսզի ավելի շատ մարդկանց հասցնել բովանդակությունը և չնեղացնել պոտենցիալ թիրախային լսրանը։

8․ Հավաստիություն

Կոնտենտում օգտագործված ինֆորմացիան պետք է լինի հավաստի։ Խոսում ենք փաստերով և հղում տալիս այն աղբյուրներին, որոնց հրապարակած ինֆորմացիան համարում եք ստուգված և արժանահավատ։ Չարժե վտանգել սեփական հեղինակությունը միայն գրավիչ նյութ ունենալու համար և, միաժամանկ, չարժե տուրք տալ գրագողությանը։

9. Խնդրի լուծում

Ընթերցողը, բնականաբար, ունի խնդիր և ամենուր փնտրում է իր խնդրի լուծումը։ Իրականում պրոդուկտը կամ ծառայությունը չէ, որ մարդկանց մոտ առաջացնում են մեր հաճախորդը լինելու ցանկություն, այլ՝ դրանց միջոցով իրենց խնդիրների լուծման հնարավորությունը։ Կոնտենտի միջոցով առաջարկել խնդիրների լուծում․ ահա թե ինչն է ստիպում լոյալ մնալ հաճախորդին։

10. Հարգանքի ցուցաբերում

Լավ քոփիրայթինգը հարգում է իր ընթերցողին ու նրա ժամանակը։ Երբ հիմնականն արդեն ասել ես, ժամանակն է լռել։ Չձգձգենք մեր ասելիքը երկար–բարակ նախադասություններով միայն նրա համար, որ ինչ-որ ասելիք ունեք։

11. Լիդերի գեներացում

Եվ վերջապես, հրաշալի քոփիրայթինգը լիդեր է գեներացնում կամ, այլ կերպ ասած, ներգրավում է պոտենցիալ հաճախորդների։ Այսպիսով, մեն կարող ենք հավաքագրել թիրախային լսարանը հրաշալի կոնտենտի միջոցով և հանձել այն վաճառքներով զբաղվող թիմին՝ առավել ինտեսնիվ և անմիջական վաճառքին ուղղված կոմունիկացիայի համար։

Arevik Chaparyan

Journalist, SEO Content Creator, Copywriter, SM content writer, PR & Communications Manager